Իսրայելում բոլորից շատ ռուսալեզու հրեաներն են դեմ պաղեստինցիների հետ փոխզիջման եւ կարող են խանգարել խաղաղության հաստատմանը Մերձավոր Արեւելքում: Այս մասին սեպտեմբերի 22-ին հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` հղում անելով Foreign Policy-ին:

Սպիտակ Տան նախկին ղեկավարին հատկապես մտահոգում է հատկապես «ռուսների» աճող թիվը Իսրայելի բանակում, որն էլ հենց հաղաղության պայմանագիր կնքելուց հետո պետք է իրականացնի Հորդանան գետի արեւմտյան ափից հրեական բնակավայրերի տարհանման աշխատանքները եւ հակամարտության մեջ մտնի բնակչության հետ:

Որպես իր տեսության ապացույց, Քլինթոնը պատմել է նախկին այլախոհ եւ Իսրայելի նախկին նախարար Նաթան Չարանսկու հետ զրույցը, ով հիմա ղեկավարում է Եվրոպական «Սոխնուտ» գործակալությունը: Նա, ըստ Քլինթոնի, 10 տարի առաջ Իսրայելի կառավարության միակ անդամն էր, ով դեմ հանդես եկավ պաղեստինա-իսրայելական խաղաղության «Քեմփ-Դեվիդի» նախագծին:

Ներկայումս իսրայելա-պաղեստինյան բանակցությունների հաջողությունը Քլինթոնը գնահատել է 50-50:

Հիշեցնենք, որ երկար ընդմիջումից հետո Իսրայելի եւ Պաղեստինի ղեկավարների միջեւ երկխոսությունն սկսվել է սեպտեմբերի 2-ին` Վաշինգթոնում: Կողմերը հայտարարել են, որ մտադիր են մեկ տարվա ընթացքում հաշտություն կնքել:

Քլինթոնը նշում է, որ հիմա, ի տարբերություն նախորդ բանակցությունների, երկու նոր գործոն է ավելացել, որոնք լավատեսության հիմք են տալիս: Մի կողմից, Իսրայելի 2/3-ը պաշտպանում են վարչապետ Նաթանյահուի քաղաքականությունը` Պաղեստինի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում, մյոսւ կողմից, Պաղեստինի ներկա կառավարությունն, իսկապես, լուրջ է մոտենում խաղաղության հաստատմանը: