Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող Գեւորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարացվել է 45 օրով: Այսօր՝ մարտի 25-ին, նման որոշում է կայացրել Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ բավարարելով քննչական մարմնի միջնորդությունը:

«Գեւորգ Սաֆարյանը պատիժ է կրում իր քաղաքական հայացքների համար, այս որոշումը եւս մեկ անգամ ապացուցեց դա»,- լրագրողներին ասաց Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը:

Նշենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ, ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող Գեւորգ Սաֆարյանի գործը ուղարկվել է լրացուցիչ քննության: Գործի նախաքննությունն ավարտվել էր, սպասվում էր, որ այն պետք է ուղարկվի դատարան: Եթե քննիչը նոր միջնորդություն չներկայացներ, Սաֆարյանը ապրիլի 1-ից ազատության մեջ կլիներ, քանի որ այդ օրը լրանում է կալանքի ժամկետը:

Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը: Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ: