«Ես ռուսամետ չեմ, ես կայուն ռուսամետ եմ: Եւ անկախ Հայաստանի 20 տարվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի հետ մեր դաշնակցաիյն հարաբերությունների արդյունքում ապահոված է մեր բանակի հզորությունը, ՀՀ անվտանգությունը, այդ համագործակցության արդյունքում ունեցանք հաղթանակ ԼՂ-ում եւ մինչ օրս պահպանվում է հրադադարը, ու չնայած ադրբեջանական կողմի ռազմատենչ հայտարարություններին՝ պատերազմը չի վերսկսվում»,-«168 ժամ»-ի հետ զրույցում այսպիսի հայտարարություն է արել Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: Ներկայացնում ենք մի հատված զրույցից:
...Հայտնի դարձավ, որ Ադրբեջանին վաճառվելիք ռուսական S-300 զինատեսակից Հայաստանում էլ կա: Դրանք ՀՀ բանակու՞մ են, թե՞ ռուսական ռազմաբազայում:
ՀՀ-ն ՌԴ-ի հետ մտնում է հակաօդային պաշտպանության համակարգի մեջ: Ստեղծված է հրամանատարային կետ, որոշումներն ընդունում է հայկական կողմը: S-300-ը տեղակայված է ռուսական բազայում, բայց մտնում է այդ համակարգի մեջ:
Եթե Ադրբեջանը պատերազմ սկսի Ղարաբաղի դեմ, ռուսական ռազմաբազայի այդ հնարավորությունները կարո՞ղ են օգտագործվել:
Պայմանագրով նշված է ՀՀ անվտանգության ապահովումը Թուրքիայի կամ Ադրբեջանի կողմից: Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաբար Աբիեւը մի քանի ամիս առաջ հայտարարել էր, թե ՀՀ-ում բոլոր թիրախները հասանելի են Ադրբեջանի զինված ուժերի համար: Երկրորդը՝ Ադրբեջանի դոկտրինայում ֆիքսված է, որ ՀՀ-ն է ագրեսոր: Եւ երրորդը՝ ԼՂ-ում հնարավոր չէ հաղթանակի հասնել, եթե ՀՀ-ն չներքաշվի պատերազմի մեջ: Դրա համա էլ արհեստական մոտեցում է ԼՂՀ-ի եւ ՀՀ-ի անվտնագության տարանջատումը: Դա մի ճակատ է: Ադրբեջանի հետ սահմանը 1000 կմ է, որից 600 կմ-ն բաժին է հասնում ՀՀ-ին: Եթե ՌԴ-ն այս պայմանագրով ուժեղացնում է այդ 600 կմ-ի անվտանգությունը, դա չի՞ նշանակում, որ աջակցում է ԼՂ-ին:
Այսինքն, ՌԴ-ն ՀՀ-ին կպաշտպանի, ՀՀ-ն՝ ԼՂ-ի՞ն:
Այո: Հայաստանը ԼՂՀ անվտանգության երաշխավոն է: Իսկ եթե ՌԴ-ն այս պայմանագրով ապահովում է ՀՀ-ի անվտանգությունը, ՀՀ-ն էլ թող Ղարաբաղում ապահովի: Կարո՞ղ է ՌԴ-ն մեր փոխարեն լուծի մեր բոլոր հարցերը: Ռուսաստանը ստորագրել է Մայնդորֆյան հռչակագիրը, որտեղ ուժի չկիրառման պայման կա: Ակնհայտ է, չէ՞, որ դեմ է լինելու պատերազմի վերսկսմանը: Սա է նրա շահը տարածաշրջանում: Ադրբեջանում Դմիտրի Մեդվեդեւը հայտարարեց, թե բազան տեղակայվում է ՀՀ-ում, որ տարածաշրջանում չլինի պատերազմ, եւ կարգուկանոն հաստատվի:




























