Մոսկվայում հղի կնոջը ծեծած հայաստանցի Սոս Խաչիկյանին սպանելու պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Ռուսական վահան» կոչվող աջ ծայրահեղական խմբավորումը։
Իր հայտարարության մեջ խմբավորումը հայտնել է, որ հային սպանել է վրեժից դրդված, երբ նա այս տարվա մայիսին դաժանաբար ծեծել էր բջջային կապի սրահում որպես վաճառողուհի աշխատող հղի կնոջը։ Արդյունքում երիտասարդ կինը վիժել էր։
Բացի այդ, «Ռուսական վահան»-ը հայտարարել է, որ այսուհետ իր գործողություններն իրականացնելու է «Ռուս ազգայնականների մարտական կազմակերպություն» անվան տակ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, 47-ամյա Սոս Խաչիկյանին Մոսկվայի իր բնակարանում սպանված էին գտել սեպտեմբերի 15-ին։
Նշենք, որ մայիսին Խաչիկյանը հարձակվել էր երիտասարդ կնոջ վրա՝ վիճակախաղի պատճառով: Շահելու անհաջող փորձերից հետո նա որոշել էր 30 ռուբլի գումար լիցքավորել իր հեռախոսի մեջ: Օպերատորը սկսել էր կատարել պատվերը, սակայն Սոս Խաչիկյանը հանկարծ մտքափոխ էր եղել եւ պահանջել է գումարը՝ հայհոյանքներ տեղալով աղջկա հասցեին:
Խնդիրը փորձել է կարգավորել «Եվրոսետի» 26-ամյա աշխատակից Օլեսյա Ա.-ն, ով խնդրել է Խաչիկյանից՝ դադարեցնել հայհոյանքները եւ իրեն պարկեշտ պահել: Ի պատասխան, Խաչիկյանը հարվածներ է հասցրել հղի կնոջ գլխին, ապա փորին: Հիվանդանոցում բժիշիկները արձանագրել են, որ աղջկա մոտ վիժում է եղել:





























