Վրաստանում երկու օր է՝ փորձում են Ցիխիսձիրիից դարավոր ծառ հասցնել երկրի կառավարության նախկին ղեկավարի՝ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին:
Հսկայական լիրիոդենդրոնը ծովամերձ Ցիխիսձիրի գյուղից դուրս են բերել արմատներով, այնուհետեւ հատուկ ուղիով ծովափ հասցրել ու նավ բարձրացրել:
Վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ, գործարարը ցանկանում է Ուրեկիի իր առանձնատան շուրջ նոր բուսաբանական այգի հիմնել: Ընդ որում, Իվանիշվիլին որոշել է չսպասել, մինչեւ նոր ծառերն աճեն:
«Գրուզիա Online»-ի հաղորդմամբ, արդեն երկու օր է՝ չեն կարողանում ծառն ափ դուրս բերել: Երկրի տարբեր շրջաններից հատուկ տեխխնիկա են հասցրել Շեկվեթիլի: Մասնագետները փորձում են նավը հնարավորինս մոտեցնել ափին, բայց առայժմ դա նրանց չի հաջողվում:
Տեղի իշխանությունների փոխանցմամբ, ծառերի վաճառքի մասին հրամանը ստորագրել է Աջարիայի կառավարության ղեկավարը: Երկու դարավոր նոճիներն ու լիրիոդենդրոնը նոր տիրոջը շուրջ 2700 դոլար են արժեցել:













