ԼՂՀ Պաշտպանության բանակի զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացած 19-ամյա ժամկետային զինծառայող Հովհաննես Հարությունյանին սպանելու մեջ մեղադրվող նրա ծառայակից 19-ամյա Միքայել Զաքարյանն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչում: NEWS.am-ի հետ զրույցում նրա փաստաբանը՝ Էրիկ Բեգլարյանը նշեց, որ Հովհաննեսը Միքայելի ինքնաձիգը կատակով փորձել է վերցնել եւ հենց այդ քաշքշոցի ժամանակ էլ արձակվել է մահացու կրակոցը:

«Պաշտպանյալս  իրեն մեղավոր չի ճանաչել, չի էլ ճանաչի, որովհետեւ Հովհաննեսին ինքը չի սպանել: Իրականում ինքնաձիգը եղել է իմ պաշտպանյալինը եւ երբ այն իր ձեռքում է գտնվել,  Հովհաննեսը ծիծաղելով փորձել է վերցնել այն: Միքայելի ասելով՝ քաշքշոցի ժամանակ ինքը բռնել է ինքնաձիգի խզակոթից, իսկ Հովհաննեսը՝ փողից, այդ ժամանակ էլ արձակվել է կրակոցը եւ Հովհաննեսն ստացել է մահացու վիրավորում: Վկան էլ չի հերքում այն փաստը, որ Հովհաննեսն անընդհատ ծիծաղել է եւ այդ ընթացքում քաշքշել է ինքնաձիգն ու այդ ժամանակ է արձակվել  կրակոցը: Հիմա ինքը չի հասկանում, թե ինչն է կպել՝ մատն է եղել, թե այլ բան:

Առաջին օգնությունը հենց իմ պաշտպանյալն է ցուցաբերել, գոռացել է՝ ի՞նչ եղավ Հովհաննես, հետո տեսել է, որ արյուն է գալիս՝ գոռացել է՝ օգնեցեք վիրավորվել է, որը նաեւ վկան չի ժխտել: Վազել է եւ արագ «Շտապօգնություն» է կանչել»,-ասաց փաստաբանը՝ նշելով, որ Միքայելն իրեն մեղավոր ճանաչում է ՔՕ 373 հոդվածի 3-րդ մասով՝ զենքի, ռազմամթերքի, ինչպես նաեւ ռադիոակտիվ նյութերի, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ սարքերի, առարկաների կամ նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է թեթեւ կամ միջին ծանրության վնաս, որը պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Էրիկ Բեգլարյանը նշեց, որ այս պահին Միքայել Զաքարյանը գտնվում է կալանքի տակ՝ «Շուշիի» քննչական մեկուսարանում:

«Կալանքի տակ է գտնվում, չեմ բողոքարկելու, քանի որ   պաշտպանյալս իրեն մեղավոր է ճանաչում  ՔՕ 373 հոդվածի 3-րդ մասով, որով նախատեսվում է 3-7 տարի ազատազրկում, որը ծանր հանցագործություն է: Նա իրեն մեղավոր ճանաչում է,   որ խախտել է զենքի հետ վարվելու կանոնները, որը ծանր հետեւանք է առաջացրել:  Եթե 104 հոդված չի եւ 373 հոդվածն է, մանավանդ, կա մարդու մահ, կալանքի բողոքարկումն անիմաստ է: Դրա համար էլ չենք բողոքարկել»,-ասաց փաստաբանը:

Էրիկ Բեգլարյանի խոսքով, Միքայել Զաքարյանի մեղադրանքի հիմքում դրվել է այն վկայի ցուցմունքը, որի հետ իր պաշտպանյալը եղել է վատ հարաբերությունների մեջ:

«Վկան, որի ցուցմունքի հիման վրա մեղադրանք է առաջադրվել պաշտպանյալիս, վատ հարաբերությունների մեջ է եղել Միքայելի հետ:  Վկան կեսօրին, երբ Իմ պաշտպանյալը ռագու ուտելիս է եղել, եկել ասել է՝ ռագու սարքի իմ համար, ես էլ եմ ուզում,: Իմ պաշտպանյալն էլ ասել է՝  լսի', ուզում ես ռագու ուտես, ինքդ սարքի: Էդ վկան էլ 4 անգամ ձեռքով խփել է պաշտպանյալիս գլխին, Միքայելն էլ մի անգամ նրա մեջքին է խփել եւ այդ պատճառով էլ զինվորական փոխհարաբերությունների խախտում է առաջացել: Հետո իմ հարցադրումներից պարզվեց, որ այդ օրը կեսօրին նրանց միջեւ վեճ է եղել եւ այդպես էլ հաշտություն չի եղել:  Նման վկայի ցուցմունքն են դրել  գործի հիմքում՝ իբրեւ ինքնաձիգը գտնվել է իմ պաշտպանյալի ձեռքում, պահել է Հովհաննեսի վրա եւ կրակ է արձակվել: Բայց վկան չի ասում, որ դիտավորյալ է Միքայելը Հովհաննեսի վրա կրակել»,-ասաց փաստաբանը:

Նշենք, որ քննչական կոմիտեից NEWS.am-ի թղթակցին հայտնել էին, որ Հովհաննես Հարությունյանին սպանել են, ոչ թե մահացել է զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով: Քննությամբ ձեռնարկված քննչական գործողություննների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ դիտավորյալ սպանություն է տեղի ունեցել: Գործով մեղադրանք է առաջադրվել Հարությունյանի ծառայակիցներից մեկին: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Հովհաննեսի սպանության մեջ մեղադրվող Միքայել Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով՝ սպանություն, որը կատարվել է խուլիգանական դրդումներով, որը պատժվում է ութից տասնհինգ տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

Նշենք, որ Հովհաննեսը երկու քույր եւ մեկ եղբայր ունի, ինքն ընտանիքի երրորդ երեխան էր: Նա սոցիալական ծանր պայմաններում ապրող ընտանիքից էր, բնակվում էին Աշտարակի Մուղնի թաղամասում, զբաղվում անասնապահությամբ: Նրանք տուն չունեն, ապրում են ծանր պայմաններում:

 Հովհաննես Հարությունյանըը ծնունդով Արմավիրի մարզի Արեւիկ գյուղից էր, նրանց ընտանիքը տարիներ առաջ Արեւիկից տեղափոխվել է Աշտարակ:

Զինծառայողը զոհվել է մարտի 17-ին՝ ժամը 17:30-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: