Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում 58-ամյա Նորիկ Ալիխանյանը մարտի 25-ին երեկոյան փորձել է մեքենան տեղափոխել ավտոտնակ, որ հակառակորդի կրակոցից այն չվնասվի, երբ գնդակներից մեկը հենց իրեն է դիպչել:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժում ստացող Նորիկ Ալիխանյանը պատմեց, որ տնից դուրս է եկել, երբ 4-5 կրակոց է լսել:
«Ադրբեջանցիները կրակում էին, դուրս եկա, որ մեքենաս դռան մոտից տանեի ավտոտնակ, որ չվնասվի: Էն էլ ինձ կպավ գնդակը, հենց ուսիս: Մի կերպ մեքենայի դուռը բացեցի, օգնություն կանչեցի: Կինս եկավ, հարեւաններս ու ինձ տարան Իջեւանի հիվանդանոց»,- պատմեց 58-ամյա տղամարդը:
Նորիկ Ալիխանյանի խոսքով՝ իրենց փողոցը գտնվում է գյուղի ծայրամասում, Ադրբեջանի զինուժը շատ հաճախ կրակ է բացում իրենց բնակավայրի ուղղությամբ. «Միշտ էլ կրակում են ադրբեջանցիները, բայց չգիտեմ՝ ինչի էս անգամ էսպես ստացվեց: Երեւի սատանան մտել էր մեջը»:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանն էլ հայտնեց, որ 58-ամյա տղամարդու վիճակը կայուն է, առաջիկա ժամերին Վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի հիվանդասենյակ:
«Նորիկ Ալիխանյանն ունի բաց չթափանցված վերք, թիակի կոտրվածք եւ 3-րդ կողի կոտրվածք: Այժմ վիճակը կայուն է»,- ասաց Միքայել Մանուկյանը:
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասվում է. «Վերջին 24 ժամերի ընթացքում Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանագոտու ամբողջ երկայնքով, ինչպես նաեւ ԼՂՀ ՊԲ պատասխանատվության գոտում ինտենսիվորեն կիրառվել են ինչպես հրաձգային զենքեր, այնպես էլ 60 եւ 82 մմ-ոց ականանետեր եւ ՏՌ-107 համազարկային հրթիռային կայանքներ: Ադրբեջանի զինված ուժերը չեն խորշում նաեւ բնակավայրերի եւ քաղաքացիական անձանց գնդակոծությունից:
Երեկ երեկոյան Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում իր տան մոտ հրազենային վիրավորում է ստացել ՀՀ քաղաքացի 64-ամյա Նորիկ Ալիխանյանը, մեկ այլ քաղաքացու տնտեսությանը հասցվել է մեծ վնաս»:











