Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի սեպտեմբերի 28-29-ը Քիշնեւում (Մոլդովայի հանրապետություն)  կայանալիք կապի տարածաշրջանային համագործակցությանն առընթեր տեղեկատվայնացման հարցերով Անկախ պետությունների համագործակցության Համակարգող խորհրդի 16-րդ նիստին:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանից, նախարար Մ.Վարդանյանը  համակարգող խորհրդի փոխնախագահն է եւ նիստի ընթացքում հանդես կգա զեկույցով:

Համակարգող խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված են տեղեկատվայնացման բնագավառին առնչվող մի շարք կարեւոր հարցեր:

Հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Մոլդովայի հանրապետության առաջատար դիրքը ԱՊՀ տարածքում` նախատեսվում է նաեւ նախարար Մ.Վարդանյանի հանդիպումը Մոլդովայի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն ոլորտի զարգացման Մոլդովայի փորձի լավագույն օրինակները: