Երեւանում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Մալաթիայում 7-րդ հարկից երեք տարեկան աղջիկ ընկել ու մահացել հիվանդանոցում: Փոքրիկ Նունեն տանը մենակ է եղել նորածին եղբոր հետ: Մայրը մի քանի րոպեով էր քնած երեխաներին տանը մենակ թողել:
Մարտի 24-ին «Զվարթնոց» օդանավակայանում ռումբի մասին ահազանգը ստացվել էր էլեկտրոնային փոստով: Անհայտ անձը գրել էր, թե նախ պայթեցնելու է Երեւան-Մոսկվա 558 չվերթի ինքնաթիռը ապա՝ օդանավակայանը: Օդաավակայանում նամակը ստանալուց հետո անմիջապես ԱԻՆ են ահազանգել, ինչից հետո մի ամբողջ օր հայ սակրավորները ռումբ էին որոնում, որն այդպես էլ չգտան: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կեղծ ահազանգի հեղինակին դեռ չեն գտել:
Օրերս Հայաստանից արտաքսվել են մի քանի «օրենքով գողեր»: NEWS.am-ի տեղեկություններով՝ նրանց թվում են «Եզդի Ռաֆոն» եւ Լուկա Ալանիձեն, որը հայտնի է որպես «Լուկա Ռուսթավսկի»: Վերջինը նոր էր եկել Հայաստան եւ կարծիք կա, որ փորձում էր մեծացնել իր ազդեցությունը քրեական շրջանակներում: Ասում են՝ սա կապված է կրմինալի դեմ Վլադիմիր Գասպարյանի հայտարարած պատերազմի հետ, առաջիկայում նոր արտաքսումներ կլինեն:
Օբաման մերժել է Էրդողանին: Թուրքիայի նախագահը, որն ԱՄՆ-ում մասնակցում է միջուկային անվտանգության համաժողովին, Օբամային հրավիրել է թուրքական ֆինանսավորմամբ կառուցված մզկիթի բացմանը: ԱՄՆ նախագահը, սակայն, հրաժարվել է: Էրդողանի հետ դեմ առ դեմ հանդիպման ցանկություն Օբաման նույնպես չունի:
Սիրիայի կառավարական զորքերը իսլամիստ ահաբեկիչներից վերջապես հետ են վերցրել Պալմիրան եւ ամբողջական վերահսկողություն հաստատել պատմական քաղաքում: Պալմիրայի գրավումը մի քանի օր է տեւել: Վերլուծաբանների կարծիքով՝ սա ցույց է տալիս, որ Ասադի դիրքերը էապես ամրապնդվել են եւ այդ հաջողությունը մասամբ վերագրում են ռուսական աջակցությանը:
Դոլարի փոխարժեքը փոխանակման կետերում այսօր կազմել է 480, ռուբլունը՝ 6,94, եվրոյինը՝ 534, իսկ ֆունտինը՝ 672 դրամ:
Հայաստանի տարածքում մարտի 29-ին սպասվում են տեղումներ, որոշ շրջաններում ՝ ձյան տեսքով: Երեւանում վաղը ժամանակ առ ժամանակ անձրեւ կտեղա: Այս գիշեր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կհասնի +5-ի, իսկ վաղը ցերեկը՝ +10-ի:











