ԱՄՆ-ում էկրանով եւ Wi Fi-ով գինու «խելացի» շիշը 6 մլն դոլարի չափով ներդրում է ներգրավել: Այս մասին գրում է Engadget-ը:

Ամերիկյան Kuvée ընկերության մշակած գինու «խելացի» շիշը շուրջ 30 սմ բարձրությամբ հատուկ տարա է՝ LED-էկրանով եւ Wi Fi-ով: Շշի հետ նաեւ լիցքավորող սարք է տրամադրվում, քանի որ այն մշտապես լիցքավորման կարիք ունի: Սարքը կարող է որոշել, թե ինչ գինի է շշում, պատմել խմիչքի պատմության մասին եւ հուշել, թե ինչի հետ է ավելի լավ այն ճաշակել: Մշակողները նաեւ հավաստում են, որ «խելացի» շիշը կարող է խմիչքի որակը պահպանել մինչեւ մեկ ամիս:

Ըստ Gazeta-ի, ընկերությունը մի քանի տեսակի գինի է առաջարկում, որոնք կարելի է լցնել «խելացի» շշի մեջ: Kuvée-ն խոստանում է, որ ապագայում տեսականին կհասնի 50-ի: Նոր սարքը շուրջ 200 դոլար արժե, իսկ յուրաքանչյուր «լիցքավորումը»՝ 15-50 դոլար: Ակնկալվում է, որ «խելացի» շիշը վաճառքում կհայտնվի այս տարվա հոկտեմբերին: