Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները 4+4+4 ձեւաչափով հանրության օրակարգն է: Այս մասին այսօր` մարտի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը` անդրադառնալով մեկնաբանություններին, թե ՀԱԿ-ը ժամանակին քննադատում էր Սերժ Սարգսյանի հետ հանդիպած ուժերին, որոնք «ֆոտոսեսիա էին կազմակերպել» նրա հետ, սակայն համաձայնվում է մասնակցել Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներին:
«Ֆոտոսեսիան Սերժ Սարգսյանի օրակարգն էր, իսկ մեր առաջարկած ձեւաչափը հանրության օրակարգն է: Հանրությունն է պահանջում նման քննարկում»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:
Որոշ քաղաքական ուժեր կարծում են նաեւ, որ այս ձեւաչափը բավականին ներկայացուցչական չէ: Լեւոն Զուրաբյանի խոսքով, աբսուրդ է մտածել, թե կարող է լինել բանակցություն, երբ մասնակցեն 5000 ուժ:
«Չմոռանանք, որ քննարկման գնացող ուժերը ներկայացնում են լայն հասարակական եւ քաղաքական կոնսենսուսը: Քննադատում են նաեւ, թե մեր Կոնգրեսի մեջ կան մարդիկ, որոնք գործընթացից դուրս են մնում կամ անհայտ է, թե ՀԱԿ-ի ներկայացուցիչն ում շահերն է ներկայացնելու: Պարզ ասեմ` մեր խմբակցությունում ցանկացած պատգամավոր կարող է գալ եւ իր կարծիքը հայտնել. Մենք բաց ենք քննարկումների համար»,-ընդգծեց Զուրաբյանը:
ՀԱԿ խմբակցության ղեկավարը նաեւ առաջարկեց պատգամավորներ Էդմոն Մարուքյանին եւ Խաչատուր Քոքոբելյանին մասնակցելու քննարկումներին` որպես դիտորդներ:
Նշենք, որ 4+4+4 ձեւաչափով քննարկումներին մասնակցելու են իշխանությունների, ընդդիմության եւ հասարակական կազմակերպությունների 4-ական ներկայացուցիչ: Այս ձեւաչափով քննարկումը կսկսվի մարտի 30-ին:




























