Երեւանում մարտի 28-ին ավազակային հարձակման ենթարկված 67-ամյա Նուրիցա Թանկյանը միայնակ էր ապրում. ամուսինը մեկ ամիս առաջ էր մահացել, իսկ երեխաներն էլ արտասահմանում են ապրում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին կնոջ հարեւանները:

«Տիկին Նուրիցան բնակվում է շենքի երկրորդ հարկում: Երեկոյան 10-ի սահմաններում ներքեւի հարեւանները ձայներ են լսել, բարձրացել են արագ, էնքան են դուռը թակել, մինչեւ որ գողը պատշգամբով փախել է: Անմիջապես «Շտապօգնություն» են կանչել եւ տարել հիվանդանոց նրան»,- պատմեցին հարեւանները:

Ըստ ականատեսների` 67-ամյա կնոջ տան վրա ավազակային հարձակում է կատարել 1 անձ: Թե ով է եղել, կնոջն օգնած հարեւանները չեն տեսել:
«Դեպքից հետո ոստիկանները եկան, կողպեցին տունն ու գնացին: Մանրամասներ չգիտենք, գիտենք միայն, որ սոցիալապես վատ ապրող ընտանիք էր, խեղճ ու խելոք կին էր»,- ասացին հարեւանները:

Նշենք, որ 67-ամյա Նուրիցա Թանկյանն այժմ գտնվում է Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնում: Նրա վիճակը լավ է, առաջիկա ժամերին կտեղափոխվի նեյրովիրաբուժական բաժանմունք: