Egypt Air ավիաընկերության А320 օդանավի առեւանգման մեջ մեղադրված պրոֆեսոր Իբրահիմ Սամահան հայտնել է, որ ուղղակի այդ օդանավի ուղեւորն է եղել, փոխանցում է BBC-ն:
«Մենք չգիտեինք, թե ինչ է կատարվում: Զարմացած էինք, որ մեզնից անձնագրեր են պահանջում, քանի որ ներքին չվերթների համար դա անսովոր բան է: Հետո մենք հասկացանք, որ մեկնում ենք Կիպրոս: Սկզբում անձնակազմն ասաց, որ օդանավում խնդիրներ են առաջացել, հետո ասացին, որ այն առեւանգել են»,- ասել է Սամահան:
Ավելի վաղ Եգիպտոսի իշխանությունները ներողություն էին խնդրել պրոֆեսոր Իբրահիմ Սամահայից, որին ավելի վաղ շփոթել էին եգիպտական А320 օդանավն առեւանգողի հետ: Եգիպտոսի նախագահի ներկայացուցիչը հայտնել էր, որ ուղեւորատար օդանավն առեւանգած անձի անունը Սեյֆ ադ Դին Մուստաֆա է:




























