Եվրասիական միությունում ստեղծված աշխատանքային խումբը շարունակում է բանակցությունները Իրանի հետ Ազատ առեւտրի գոտու ձեւավորման ուղղությամբ: Այդ մասին մարտի 29-ին Երեւանում Հայաստանի Արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի միջազգային կոնգրեսի նախագայության նիստին լրագրողներին հայտնել է միջազգային տնտեսական ինտեգրացիայի եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Նա հիշեցրել է, որ նման աշխատանքային խումբ ստեղծելու նախաձեռնությամբ հանդես է եկել Հայաստանը: Այդ առաջարկի հիման վրա Եվրասիական միությունն աշխատանքային խումբ է ձեւավորել, որը հարցերի բավականին լայն սպեկտր է մշակում` հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է 5 երկրի շահերին:
Այն հարցին, թե արդյոք բանակցություններին օգնել է 2015-ի նոյեմբերին Թեհրանում հայ-իրանական բիզնես ֆորումը, Գաբրիելյանը նշել է. «Այնտեղ մի շարք պայմանավորվածություններ են քննարկվել երկու երկրի բիզնեսների համար ավելի բարենպաստ ռեժիմի վերաբերյալ: Բայց արտաքին տնտեսական բլոկը ԵԱՏՄ-ի առանձնաշնորհն է»:





























