Իրավապահները հարցաքննում են EgyptAir ավիաընկերության օդանավն առեւանգած տղամարդուն: Այս մասին RIK հեռուստաալիքին հայտնել է Կիպրոսի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Նիկոս Խրիստոդուլիդիսը:
«Ամենակարեւորն այն է, որ օդանավում եղած բոլոր 72 մարդկանց հետ ամեն բան կարգին է: Այժմ իրավասու մարմինները հարցաքննում են օդահենին»,- ասել է Խրիստոդուլիդիսը, փոխանցում է RIA Novosti-ն:
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի անունից նա շնորհավորել է դժվար բանակցությունների եւ ջանքերի հաջող ավարտի կապակցությամբ: «Մեր ծառայությունների ջանքերը կոնկրետ արդյունք են տվել: Ամեն բան վերջացել է»,- ասել է նա:
Կառավարության պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է, որ առեւանգողը պահանջել է նամակով փաթեթը հանձնել իր նախկին կնոջը: «Բանակցությունների ընթացքում հնչել են նաեւ այլ պահանջներ: Հիմա նրա նամակը թարգմանում են, որպեսզի հասկանալի լինեն նրա կոնկրետ պահանջներն ու արարքի դրդապատճառները»,- ասել է Խրիստոդուլիդիսը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ եգիպտական А320 օդանավն առեւանգած անձը ձերբակալված է: Եգիպտոսի քաղավիացիայի նախարար Շերիֆ Ֆաթհին հայտնել էր, որ ուղեւորներից եւ անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել:
Մարտի 29-ի առավոտյան տղամարդը, մահապարտի գոտիով սպառնալով օդանավի անձնակազմին, պահանջել էր փոխել Ալեքսանդրիա-Կահիրե երթուղին եւ վայրէջք կատարել Կիպրոսի Լառնակի քաղաքի օդանավակայանում:




























