Վանաձորի թիվ 24 դպրոցի հարևանությամբ ձգվող գազատարի մոտ այսօր՝ մարտի 29-ին, ժամը 17:00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել. հիվանդանոց է տեղափոխվել 6 անձ՝ տարբեր աստիճանի այրվածքներով:
Վանաձորում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ բռնկված հրդեհն առաջինը նկատել ու դպրոցի տնօրենին տեղեկացրել են դպրոցի հավաքարարները:
«Խաչմերուկի մոտ գազատարի վրա դրված փականը հավանաբար վնասվել էր, որովհետեւ աշխատողները եկել էին, աշխատում էին: Եկավ մի պահ, որ գազի հոտն այնքան էր տարածվել, որ հնարավոր չէր կանգնել, մտանք դպրոց: Շատ կարճ ժամանակ անց ասացին, որ հրդեհ է բռնկվել»,- պատմեց թիվ 24 դպրոցի տնօրենը:
Դեպքի վայրում այս պահին աշխատում են հրշեջները:
Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Աբովյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ դեպքի վայրից իրենց մոտ է տեղափոխվել 6 մարդ: Նրանք հետազոտվում են:
Մանրամասները կհաղորդենք ավելի ուշ:




























