Հայաստանում միջին աշխատավարձի ցուցանիշները ավելի ցածր չեն, քան տարածաշրջանի մյուս երկրներում։ Սեպտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման շշմեցնող հայտարարություն արեց Ազգային ժողովի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։

«Ես համաձայն չեմ, որ միջին աշխատավարձի մեր ցուցանիշները ավելի ցածր են, քան տարածաշրջանի մյուս երկրներում»,-ասաց Մինասյանը։ Նրա խոսքով, աշխատավարձերի բարձրացում Հայաստանում գրանցվել է անգամ ճգնաժամային տարում։ «Այս առումով միջազգային վերլուծաբանները շատ հաճախ օրինակ են բերում Հայաստանը»,- նշեց Մինասյանը։

Սակայն, ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2010 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում միջին աշխատավարձը կազմում է 105,6 հազար դրամ (շուրջ 283 դոլար)։ Անցած ամսվա համեմատությամբ միջին աշխատավարձը նվազել է 7,7 տոկոսով։ Համեմատության համար՝ Վրաստանում միջին աշխատավարձը 572,7 լարի է (մոտ 318 դոլար), իսկ Ադրբեջանում՝ 317,4 մանաթ (396 դոլար)։ Ռուսաստանում միջին աշխատավարձը 15200 ռուբլի է (մոտ 490 դոլար), որը անկախ արհմիությունների ֆեդերացիայի տվյալներով 2008 թ. համեմատ նվազել է 20 տոկոսով։

Միջին կենսաթոշակը Վրաստանում 48 դոլար է, Հայաստանում՝ մոտ 60 դոլար, Ադրբեջանում՝ 110 դոլար, իսկ Ռուսաստանում՝ 230 դոլար։