Իրանին սպաազինություն, մասնավորապես C-300 համալիրներ հատկացնելուց Մոսկվայի հրաժարումը պետք է դիտարկել Իրանի ատոմային ծրագրի դեմ միջազգային պայքարի համատեքստում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել իրանագետ Սեւակ Սարուխանյանը:
Նրա խոսքով, Մոսկվան հանդես է գալիս նման կտրուկ հայտարարությամբ, քանի որ հասկացել է, որ Իրանի ատոմային ծրագիրը մտել է եզրափակիչ փուլ: «Իսկ Ռուսաստանը չի ցանկանում իր հարավային սահմաններին «ատոմային հարեւան» ունենալ, քանի որ դա վտանգ է ներկայացնում այդ պետության ազգային անվտանգության համար»,- ասել է Սարուխանյանը եւ հավելել, թե Իրանը երբեք հուսալի գործընկեր չի լինի Ռուսաստանի համար: Նա դժվարացել է ասել, թե որքան կսրվեն ռուս-իրանական հարաբերություները, բայց նկատել է, որ այդ երկրներն արդեն հակամարտում են միմյանց դեմ:
Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը արգելել է Իրանին հանձնել C-300 համալիրներ, զրահատեխնիկա, ռազմական ուղղաթիռներ, ինքնաթիռներ եւ նավեր:
Բացի այդ, Մեդվեդեւն արգելել է մի քանի իրանցի պաշտոնյաների մուտքը Ռուսաստան:




























