Մարտի 29-ին, ժամը 22:10-ի սահմանում կտրած-ծակած վերքերով Գյումրիի բժշկական կենտրոն  տեղափոխված երկու երիտասարդների դեպքով Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Նշենք, որ քրեկան գործ է հարուցվել  ՔՕ 112-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին կետով՝ Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաեւ կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում, որը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

Ավելի վաղ  NEWS.am-ը տեղեկացրել էր, որ մարտի 30-ին, ժամը 22:10-ի սահմանում կտրած-ծակած վերքերով Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել երկու երիտասարդ: 35-ամյա Արա Մ. -ն եւ 26-ամյա Նաիրի Դ.-ն Երեւանի բնակիչներ են: Արա Մ.-ի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի առաջնային պատի կտրած ծակած թափանցող վերք, իսկ Նաիրի Դ.-ի մոտ՝ կրծքավանդակի ձախ կեսի թափանցող կտրած ծակած վերք եւ կրծքավանդակի աջ կեսի չթափանցող կտրած ծակած վերք, ձախ դաստակի կտրած վերքեր: