Ալավերդիում մարտի 30-ին այրվել է քաղաքի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Հովիկ Ավետիսյանի ավտոմեքենան:

«Մեքենան կայանել էի ավտոտնակում, կես ժամից դուրս եկա, որ հիվանդանոց գնամ: Ավտոտնակից հանելու պահին հրդեհ բռնկվեց: Թե ինչից էր, չեմ կարող ասել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բժիշկը:

Հովիկ Ավետիսյանը նշեց, որ մեքենան տեխնիկական որեւէ խնդիր չի ունեցել: Թե որն է եղել հրդեհի պատճառը, նա չգիտի:

«Դիտավորություն հաստատ չկա»,- հավելեց նա:

Ըստ ԱԻՆ տարածած հաղորդագրության, 2016թ. մարտի 30-ին ժամը 19.05-ի սահմաններում Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Դեբեդ փողոցի թիվ 3 հասցեում՝ Հովիկ Ավետիսյանին պատկանող ավտոտնակում, այրվել է վերջինիս պատկանող Wolksvagen Bora մակնիշի 03 DO 707 պետհամարանիշի ավտոմեքենան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.37-ին, մարվել՝ 20.15-ին: Ամբողջությամբ այրվել են ավտոմեքենան և ավտոտնակում՝ կենցաղային իրեր: