«Ժառանգություն» կուսակցությունը չի մասնակցել եւ չի մասնակցելու 4+4+4 ձեւաչափով քննարկումներին, այն պատճառով որ Ընտրական օրենսգիրքը ներկայացնում է ոչ լեգիտիմ իշխանությունը: Այս մասին այսօր` մարտի 31-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Իշխանություններն ի սկզբանե մտադրություն չեն ունեցել նորմալ ընտրական օրենսգիրք ստեղծել: Իշխանություններն ունեին բոլոր առաջարկությունները նորմալ Ընտրական օրենսգիրք ստեղծելու, այնինչ հիմա փորձում են շատ սահուն վերարտադրության մեխանիզմ ստեղծել»,-ասաց նա:

Մարտի 30-ի քննարկմանը չմասնակցելու պատճառներից մեկն էլ, ըստ Մարտիրոսյանի, այն էր, որ այդպես էլ չի հստակեցվել բանակցություններ են լինելու, թե քննարկում:

«Լեւոն Զուրաբյանն ասում էր բանակցություններ են լինելու, Դավիթ Հարությունյանը` քննարկումներ: Հստակ չէր` ինչ է լինելու: Սա էլ է չմասնակցելու պատճառներից»,-ասաց նա:

Քննարկմանը չմասնակցելու հիմնական պատճառը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահի խոսքով` փողոցային պայքարի հնարավոր արդյունավետությունն է:

«Մենք կարծում ենք, որ միայն փողոցային պայքարի միջոցով է հնարավոր իշխանություններին ստիպել զիջումների գնալ եւ ընտրական օրենսգրքում փոփոխություններ անել»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելուն ուղղված փողոցային պայքարի ակտիվ մասնակից են լինելու «Ժառանգությունը» եւ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը:

Նշենք, որ ՀԱԿ ղեկավար Լեւոն Զուրաբյանը «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներին համապատասխան տեղեկություն է ուղարկել Ընտրական օրենսգրքի քննարկումների նպատակով կազմակերպված հանդիպման մասին: «Ժառանգության» ներկայացուցիչները, ըստ Արմեն Մարտիրոսյանի, մեկ օր քննարկել են մասնակցել, չմասնակցելու հարցը, ի վերջո, եկել են եզրակացության, որ պետք չէ մասնակցել, այն որոշման մասին սակայն, Զուրաբյանին չեն տեղեկացրել:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ –ում մոտ ժամանակներս Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ քննարկումներ են սպասվում: Նախագիծն արդեն ուղարկվել է Վենետիկյան հանձնաժողով՝ փորձագիտական եզրակակացության համար: