ՊՆ N զորամասի 4-րդ պահակակետի տարածքում գտնվող էլեկտրական կայանի ներսում էլեկտրահարված հայտնաբերված ժամկետային զինծառայող Սարգիս Մանուկյանը Լոռու մարզի Կաթնաջուր համայնքից էր, տան միակ արու զավակը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց համայնքի ղեկավար Արմեն Պապոյանը:

«Սարգիսը 9 ամսվա զինծառայող էր: Ծառայությունը նորմալ էր, շատ խելոք, շատ խելացի տղա էր Սարգիսը»,- ասաց Արմեն Պապոյանը:

Գյուղապետը հայտնեց, որ Սարգիսը բնակվում էր ծնողների հետ, երկու քույրերն ամուսնացած են:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2016թ. մարտի 30-ին ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի 4-րդ պահակակետի տարածքում գտնվող էլեկտրական կայանի ներսում հայտնաբերվել է պահակակետի վերակարգում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Սմբատի Մանուկյանը անգիտակից վիճակում` էլեկտրահարված: Ս.Մանուկյանն Արարատի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ՝ եթե անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ)։

Կատարվում է քննություն: