Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման հանգամանքը նոր հնարավորություններ է բացում Հայաստանի գործարարների համար: Այս մասին, մարտի 30-ին, Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցում իր դասախոսության ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով, Հայաստանի համար շատ դրական զարգացում էր Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռքբերումը: «Հարևան Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման հանգամանքը նոր հնարավորություններ է բացում Հայաստանի գործարարների համար լավ ճանաչելի 77 միլիոնանոց շուկայում»,-ընդգծել է ՀՀ նախագահը:

«Ակնհայտ է, որ Հայաստանի փոքր շուկան, որքան էլ որ երկրի տնտեսական միջավայրը ազատականացված, իսկ ֆինանսական համակարգը առողջ լինի, արտաքին խոշոր տնտեսական գործընկերներին հետաքրքիր լինելու համար պետք է ինտեգրված լինի առավել մեծ տնտեսական համագործակցության ձևաչափերում:

Այս իրողությունը հստակ գիտակցելով՝ մենք անդամակցել ենք Եվրասիական տնտեսական միությանը: Անշուշտ, մեզ դա չի խանգարում բնականոն կերպով ընդլայնել մեր համագործակցության օրակարգը ԵՄ-ի հետ, այդ թվում՝ խոր գործակցություն ծավալել տնտեսական բարեփոխումների ոլորտում»,-ասել է Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ հարևան պետությունների հետ Հայաստանը փորձում է էներգետիկ և տրանսպորտային համատեղ ծրագրեր առաջ տանել:

«Նախաձեռնել ենք մի շարք տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծեր. մեր երկրի հյուսիսը հարավին կապող ժամանակակից մայրուղի ենք կառուցում, իրանական կողմի հետ քննարկում ենք ՀայաստանԻրան երկաթգծի շինարարության վերաբերյալ հարցերը, ակտիվ ներգրավված ենք ԵԱՏՄ-«Մետաքսի ճանապարհ» համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման գործընթացում: Նման նախաձեռնություններով Հայաստանը փորձում է մեղմել իր արևելյան և արևմտյան հարևանների կողմից տասնամյակներ շարունակ իրականացվող ապօրինի շրջափակման վնասները»,-նշել է ՀՀ նախագահը: