Երեւանի Չարենց փողոցում այսօր՝ մարտի 31-ին, վաղ առավոտյան կրակոցներ են հնչել:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժին հաղորդումը ստացվեց ժամը 8-ն անց 10-ին. զանգահարել է ոստիկանության Նաիրիի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Շմավոնյանը եւ հայտնել, որ Չարենցի փողոցում կրակոցներ են եղել, փողոցում վիրավոր կա, իրավախախտները հեռանում են «Օպել» մակնիշի ավտոմեքենայով, ուղեւորներից մեկը զինված է:

Շմավոնյանը սկսել է հետապնդել հեռացող «Օպելին»՝ միեւնույն ժամանակ օժանդակ ուժեր կանչելով: Եվս 10 րոպե, եւ ոստիկանության ՊՊԾ գնդի ու Կենտրոնականի բաժնի ծառայողների օգնությամբ Տիգրան Մեծ եւ Խանջյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվել են ու բերման ենթարկվել Երեւանի բնակիչներ, 26-ամյա Դավիթ Հարությունյանը, 28-ամյա Երջանիկ Մարտիրոսյանը, 24-ամյա Լեւոն Ադամյանը եւ «Օպելի» վարորդ, 45-ամյա Արթուր Աբրահամյանը:

Պարզվել է, որ Հարությունյանը, Մարտիրոսյանը եւ Ադամյանը ժամը 8-ի սահմաններում Չարենցի 5 հասցեի մոտ վիճաբանության մեջ են մտել ոմն Արմենի ու Գեւորգի հետ: Այդ ընթացքում Հարությունյանը կրակոցներ է արձակել «Բայկալ» մակնիշի օդաճնշիչ ատրճանակից:

«Ռոսիայի մոտ էինք, խմածություն կար թեթեւակի, իրար ճիշտ չհասկացանք, եկանք Չարենց: Ուղղակի օդ եմ կրակել»,- ասել է Դավիթ Հարությունյանը:

Ձեռնարկվում են միջոցառումներ ոմն Արմենի ու Գեւորգի ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն, որով կպարզվեն դեպքի բոլոր հանգամանքները:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: