Հայաստանի Սահմանադրական Դատարանը  իր սեպտեմբերի 14-­ի որոշմամբ, ՀՀ Սահմանադրությանը հակասող եւ անվավեր է ճանաչել  «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին»  ՀՀ օրենքի 7­-րդ հոդվածի մասը, որն առնչվում է Հայաստանում չիրականցվող փոխպատվաստման հանգամանքներում դիակային դոնորից օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ վերցնելուն:

Օրենքի 7­-րդ հոդվածի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը ՍԴ­ում վիճարկել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:

Գործի դատաքննության նախապատրաստման փուլում մասնագիտական փորձագիտական եզրակացություն ստանալու համար Սահմանադրական Դատարանը  դիմել էր Հանրային Խորհրդին:

ՀԽ առողջապահական հարցերով կոլեգիան հարցը քննարկել է  իր հունիսի 3­-ի ընդլայնված նիստում, որին մասնակցում էին նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը եւ Ազգային Ժողովի՝ Առողջապահության հարցերով հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

Կոլեգիան՝ հաշվի առնելով, որ քննարկմանը հնչած ելույթները այս ոլորտի հետ կապված լուրջ խնդիրներ վեր հանեցին, որոշել է դրանք դարձնել փորձագիտական լուրջ ուսումնասիրության թեմա Հանրային Խորհրդում, իսկ քննարկումները վերսկսել ՍԴ համապատասխան որոշումից հետո՝ անկախ նրանից, ինչպիսին կլինի այն: