Մեծ Բրիտանիայում ձերբակալել են 6 հոգու, ովքեր կասկածվում են Ղուրանն այրելու մեջ։
«ՌԻԱ Նովոստի» գործակալության հաղորդմամբ, նրանցից 2-ը ձերբակալվել է սեպտեմբերի 15-ին, իսկ եւս 4-ը՝ սեպտեմբերի 22-ին։ Ձերբակալության հիմք է դարձել ինտերնետում տարածում գտած տեսահոլովակը, որտեղ մի քանի հոգի վառելիք են լցնում գրքերի վրա եւ այրում դրանք։ Ձերբակալվածների անձը եւ տարիքը չեն հայտնում:
Ներկայումս կասկածյալներն ազատ են արձակվել գրավի դիմաց։
NEWS.am-ն ավելի վաղ հաղորդել էր, որ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի մի քահանա խոստացել էր այրել Ղուրանն այն բանից հետո, երբ ԱՄՆ իշխանությունները հավանություն էին տվել սեպտեմբերի 11-ի ողբերգության արդյունքում փլուզված երկվորյակ երկնաքերերի տեղում մզկիթ կառուցելու նախագծին, սակայն իր նշած ժամկետից մի քանի ժամ առաջ քահանան հրաժարվել էր իր խոստումից։
Չնայած դրան, սեպտեմբերի 11-ին Թենեսի նահանգում երկու քարոզիչներ այրել են Ղուրանի կրկնօրինակները։ Այդ օրը եղել են եւս երկու նման դեպքեր Նյու-Յորքի Մանհեթեն թաղամասում։




























