Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին սեպտեմբերի 23-ին խիստ քննադատության է ենթարկել Ռուսաստանին, որը, թեեւ նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին, հրաժարվել է C-300 զենիթա-հրթիռային համալիրներ մատակարարել Իրանին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Վահիդի խոսքով, ռուսական իշխանությունները պարտավոր են կատարել 2007-ին ստորագրված պայմանագրի պահանջները եւ C-300 համալիրներ մատակարարել Իրանին:

Նշենք, որ Մոսկվան եւ Թեհրանը 2007-ին պայմանագիր են ստորագրել, ըստ որի Ռուսաստանը C-300 համալիրներ պետք է վաճառի Իրանին` ավիահարվածներից պաշտպանվելու համար:

Իսրայելի եւ ԱՄՆ-ի ղեկավարները դեմ էին նման պայմանագրին: Մինչ օրս ոչ մի C-300 համալիր չի առաքվել Իրան: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հրամանագիր է ստորագրել «ՄԱԿ-ի ԱԽ 2010-ի հուլիսի 9-ի բանաձեւի կատարման միջոցառումների մասին», որն արգելում է զենիթահրթիռային համակարգեր մատակարարել Իրանին: