«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ փորձագետ, իրավաբան Կարեն Վարդանյանի սպանության մեջ մեղադրվողներից 23-ամյա Գեւորգ Զոհրաբյանը նրա հարեւանն է եղել, որը չարաշահելով փորձագետի վստահությունը նրա տունն իր անունով է գրանցել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոանիսյանը:
Դանիել Իոանիսյանի խոսքով՝ Կարեն Վարդանյանը 300 000 դրամի կալանք ուներ իր անունով, որպեսզի այն չտարածվի տան վրա, հարեւանը համոզել էր տունն իր անունով գրանցել:
«Հետո սպանել է ու ամեն ինչ սարքել, որ խարդախությունը չբացահայտվի»,-ասաց նա:
Կարեն Վարդանյանի սպանության գործով մյուս մեղադրյալին՝ 43-ամյա Արթուր Միհրանյանին, Դանիել Իոանիսյանը նախկինում չի տեսել, միայն գիտի, որ Գեւորգ Զոհրաբյանի «տաքսիստն է»:
«Կարենից գողացած փողերով երկու տաքսի էր գնել: Մյուս կասկածյալը նրա վարորդն է»,-նշեց Իոնիսյանը:
Նշենք, որ Կարեն Վարդանյանը մարտի 17-ին Արաբական Միացյալ Էմիրություններ մեկշաբաթյա գործուղում մեկնելու նպատակով դուրս էր եկել տնից եւ չէր վերադարձել: Ապրիլի 1-ին պարզվել է, որ մարտի 17-ին բութ գործիքներով Կարեն Վարդանյանին բազմաթիվ հարվածներ են հասցրել եւ սպանել Արթուր Միհրանյանը եւ Գեւորգ Զոհրաբյանը, որից հետո Կարեն Վարդանյանի դին թաքցրել են Գեւորգ Զոհրաբյանին պատկանող Երեւանի Սիսակյան փողոցի 22 շենքի հարակից ավտոտնակում: Արթուր Միհրանյանը եւ Գեւորգ Զոհրաբյանը ձերբակալված են: Քննությունը շարունակվում է:
.jpg)
.jpg)











