Միջազգային հանրությունը պատրաստ է լիարժեք հարաբերություններ հաստատել Իրանի հետ, բայց դրա համար նա սկզբում պետք է ապացուցի իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը: Այս մասին սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանի իր ելույթում հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, hաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Միջուկային զենքի չտարածման մեր ջանքերի շրջանակներում ես առաջարկել եմ Իրանին բանակցություններ վարել, ընդգծելով, որ Իրանը, որպես միջազգային հանրության անդամ ունի եւ իրավունքներ, եւ պարտականություններ: Հենց այս դահլիճում ես նաեւ ասել եմ, որ Իրանը պետք է  պատասխանատվություն կրի, եթե չկատարի իր պարտականությունները»,- ասել է Օբաման, հավելելով, որ Իրանը Չտարածման պայմանագրի միակ մասնակիցն է, որը չի կարողացել ապացուցել իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը:

«Նման գործողությունները պետք է հետեւանքներ ունենան»,- նշել է նա ու հավելել, որ այդ հետեւանքներից է հենց ՄԱԿ-ի ԱԽ 1929 բանաձեւը, որը նոր միջազգային պատժամիջոցներ է կիրառում Իրանի հանդեպ:

ՄԱԳԱՏԵ-ի տվյալներով, այժմ Իրանը ունի 2,8 տոննա ցածր հարստացված ուրան: Բացի այդ, իրանցի մասնագետների տրամադրության տակ կա 22 կգ բարձր հարստացված ուրան, որն անհրաժեշտ է Թեհրանի ռեակտորի համար: