Վաշինգթոն կատարած այցի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելել է Բրուքինգսի ինստիտուտ ելույթ ունենալու համար։
Սակայն Էրդողանից ուշադրությունը շեղեցին բողոքի դուրս եկած ցուցարարները, որոնք բախվել էին նրա համախոհների հետ։ Թուրքիայի նախագահի թիկնապահները փորձել էին շենքից դուրս բերել ցուցարարներին, գրում է Washington Post-ը։
Թիկնապահները չեն թողել Էրդողանին մոտենալ մի քանի լրագրողների, այդ թվում՝ Economist-ում 15 տարի աշխատած Ամբերին Զամանին։ Թիկնապահներից մեկն իրեն թույլ է տվել վիրավորական արտահայտություն անել նրա հասցեին։
Կառավարամետ Daily Sabah-ի լրագրող Ռաղիփ Սոյլուն ասել է, որ ցուցարարները փնտրում էին Էրդողանին կողմնակիցներին եւ խմբով հարձակվում էին նրանց վրա։
ԱՄՆ ազգային մամուլի ակումբը դատապարտել է Էրդողանի թիկնապահների գործողությունները։ «Թուրքիայի նախագահն ու նրա աշխատակիցները ԱՄՆ հյուրերն են։ Նրանք ոչ մի իրավունք չունեն հարձակվել լրագրողների, ցուցարարների կամ ինչ-որ մեկի վրա, ով ուղղակի իր աշխատանքն է կատարում կամ իրականացնում է այդ երկրի օրենքով նախատեսված իր իրավունքները»,- ասել է մամուլի ակումբի նախագահ Թոմաս Բարրը։











