Շախմատն ավելի լավ է, քան քաղաքականությունը: Ուկրաինական Առաջին հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով, ավելի հեշտ է այնտեղ, «որտեղ դու լավագույնն ես»: «Բայց ավելի հաճելի է շախմատ խաղալ, ավելի անվտանգ է: Երբ պարտվում ես շախմատում, դա քո անձնական ձախողումն է, քո անձնական ողբերգությունը, իսկ քաղաքականության մեջ արած սխալը չի կարող անձնական ողբերգություն լինել: Ուստի  ավելի լավ է շախմատ խաղալ եւ քաղաքականություն անել, քան քաղաքականություն խաղալ եւ փորձել շախմատ անել»,- նշել է պետության ղեկավարը:

«Թագուհիներից» անցում կատարելով «զինվորներին»՝ լրագրողը հարցրել է Սարգսյանին՝ հանդիպո՞ւմ է նա, արդյոք, հասարակ մահկանացուների հետ, ինչին Հայաստանի նախագահը պատասխանել է. «Իհարկե հանդիպում եմ: Օրինակ՝ վերջերս եղել եմ իմ դպրոցական ընկերոջ, մարտական ընկերոջ որդու հարսանիքին: Նա մետաղագործ է, ողջ կյանքում մետաղագործ է աշխատել: Բայց, հասկանում եք, բարդ է շփվել, երբ կողքիդ օգնականներ եւ թիկնապահներ են»: