Փակ սահմանը՝ քաղաքական եւ տնտեսական անհարմարություն է։ Ուկրաինական առաջին հեռուստաալիքին տված հարցազրույցում նման միտք է արտահայտել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ նկատելով, որ հայ-թուրքական փակ սահմանի պատճառով տուժում է ոչ միայն Հայաստանը, այլեւ Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանը, տարածաշրջանն ամբողջությամբ։
«Այնուամենայնիվ, փակ սահմանը չի կարող առիթ լինել հանձնվելու եւ խոսելու այն մասին, որ մենք ապագա չունենք։ Մեր գործարարները արդեն սովոր են այսպիսի իրավիճակի։ Ինչ վերաբերում է այն բանին, որ Թուրքիայում հայկական ապրանքներ չկան, կամ հակառակը, դա այդպես չէ. բիզնեսը ուղիներ գտնում է»,- նշել է Սարգսյանը։
Ղարաբաղյան հակամարտության բանակցություններում ԼՂՀ բացակայության խնդրին անդրադառնալով՝ նախագահը նշել է, որ բանակցությունների սեղանի շուրջ Ղարաբաղի բացակայությունը հարաբերական է։
«Ժամանակին Հայաստանը համաձայնել է բանակցել Ադրբեջանի հետ, քանի որ վերջինս կտրականապես հրաժարվում էր շարունակել բանակցությունը ԼՂ մասնակցության պարագայում։ Սակայն, եթե Ղարաբաղը չի մասնակցում բանակցություններին, ապա ինչու են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ամեն այցի ընթացքում հանդիպումներ ունենում Բաքվում, Երեւանում եւ Ստեփանակերտում։ Չէ որ նրանք կարող էին բավարարվել հանդիպումներով Երեւանում եւ Բաքվում»,- ասել է Սարգսյանը՝ ընդգծելով, որ ղարաբաղյան հակամարտությունը կոնֆլիկտ չէ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, հետեւաբար տարածքային հավակնությունների մասին խոսք լինել չի կարող։
«Խոսքը գնում է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդի ինքնորոշման ցանկության մասին եւ նա այլ պետությունների ժողովուրդներից պակաս իրավունք չունի դա անելու»,- նշել է ՀՀ նախագահը։





























