Հայաստանը չի կարող Ռուսաստանին մեղադրել Ադրբեջանին զենք մատակարարելու համար։ Այս մասին Ուկրաինայի Առաջին ալիքին տված հարցազրույցում նշել է Սերժ Սարգսյանը։ «Այն, որ Ադրբեջանը Ռուսաստանից զենք է ձեռք բերում, մեզ համար նորություն չէ, բայց Հայաստանը չի կարող մեղադրել Ռուսաստանին դրա համար, իհարկե մենք կարող ենք դժգոհել, դա մեր գործն է, բայց մեղադրելը սխալ է»,- ասել է Սարգսյանը։
Անդրադառնալով ռուսական С-300 զենիթահրթիռային համալիրներ Ադրբեջանին հնարավոր վաճառքին, ՀՀ նախագահը նշել է, որ դրանք հակաօդային պաշտպանության համար են նախատեսված, եւ Հայաստանում նմանատիպ համակարգեր վաղուց կան։ «Ես վստահ չեմ, որ ամենավերեւի մակարդակում С-300 համակարգի վաճառքի մասին համաձայնություն կա»,- նշել է Սարգսյանը՝ ավելացնելով, որ Հայաստանում այդ համակարգից կա բավարար չափով։




























