Եթե արաբա-իսրայելական հակամարտությունը լուծվի, ապա անկախ Պաղեստինի պետությունը արդեն մեկ տարի անց կարող է դառնալ ՄԱԿ-ի անդամ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանում սեպտեմբերի 23-ին նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հաղորդում է «Մայակ» ռադիոկայանը:

ԱՄՆ նախագահը հայտնել է, որ Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ անցկացվող ուղղակի բանակցություններն արդեն իսկ մեծ առաջընթաց են: «Միայն ցինիկներն են կասկածում Իսրայելի եւ Պաղեստինի հաշտության հնարավորությանը»,- ասել է նա:

ԱՄՆ նախագահը նաեւ կոչ է արել Իսրայելին երկարաձգել Հորդանան գետի  Արեւմտյան ափին իսրայելական բնակավայրերի շինարարության մորատորիումը:

Նշենք, որ մորատորիումի գործողության ժամկետն ավարտվում է սեպտեմբերի 30-ին:

Հիշեցնենք, որ Արեւմտյան ափին եւ Արեւելյան Երուսաղեմում կառուցվել է մոտ 100 բնակելի շինություն, որում ապրում է մոտ կես միլիոն մարդ: Միջազգային իրավունքի տեսանկյունից, դրանք անօրինական են, սակայն Իսրայելը վիճարկում է դա: