Բանտարկված ադրբեջանցի ընդդիմադիր 2 ակտիվիստների հարազատները դիմել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, խնդրելով աջակցել իրենց որդիների ազատ արձակման հարցում, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Բլոգերներ Ադնան Հալիզադեի եւ Էմին Միլլիի ընտանիքները սեպտեմբերի 23-ին բաց նամակ են հրապարակել, որում խնդրում են Օբամային այդ հարցը բարձրացնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ:
Բլոգերներն այժմ 24 եւ 26 ամիսների ազատազրկման են դատապարտված, ակումբում ծեծկռտուքի մասնակցելու համար: Նրանք վստահեցնում են, որ ստիպված են եղել դիմել ինքնապաշտպանության, երբ իրենց վրա են հարձակվել երկու անծանոթներ, ենթադրաբար, քաղաքացիական հագուստով ոստիկաններ:
Կալանավորումից մի քանի օր առաջ Ադնան Հալիզադեն երգիծական բնույթի տեսանյութ է հրապարակել ինտերնետում, որտեղ էշը մամուլի ասուլիս է տալիս Ադրբեջանում սոցիալական իրավունքների վերաբերյալ:
Իրավապաշտպան կազմակերպությունները եւ մամուլի ազատության պաշտպանները հայտարարում են, որ բլոգերների դեմ մեղադրանքները շինծու են, իսկ նրանց նկատմամբ դատաքննությունն անցկացվել է օրենքի խախտումներով:
Ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունները արգելել են արտասահմանյան ռադիոկայանների, այդ թվում, «Ամերիկայի ձայնի» հեռարձակումը, թողնելով դրանք միայն տեղական հաճախություններով:




























