Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը Թուրքիայում անցկացվող աշխարհի առաջնությունում նվաճեց 77 կգ քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը` երկամարտում հավաքելով 373 կգ: Թուրքիայում բարձրացավ հայոց եռագույնը եւ հնչեց Հայաստանի ազգային օրհներգը:

Պոկում վարժությունում Տիգրան Գ. Մարտիրոսյանը 173 կգ արդյունքով նվաճեց փոքր ոսկե մեդալը: Աշխարհի փոխչեմպիոն Գեւորգ Դավթյանը մեջքի վնասվածքի պատճառով զրո ստացավ եւ չշարունակեց պայքարը հրում վարժությունում: Երկրորդ տեղը գրավեց աշխարհի չեմպիոն չինացի Սյաոջուն Լուն, ով բարձրացրեց 170 կգ: Անձնական քաշով առավելություն ուներ չինացին:

Հրում վարժությունում Տիգրան Մարտիրոսյանը միայն երկրորդ փորձից կարողացավ բարձրացնել 200 կգ, իսկ երրորդ փորձում չբարձրացրեց 205 կգ-ը:

Սակայն չինացի Լուն եւս միայն մեկ փորձ կարողացավ անել եւ բարձրացրեց 200 կգ եւ երկամարտում երեք կիլոգրամ զիջելով մնաց երկրորդ տեղում:

Երկամարտի բրոնզե մեդալը նվաճեց եգիպտացի Տարեկ Եհիան` 356 կգ: