Մարտունու պաշտպանական ուղղությամբ այսօր՝  ապրիլի 2-ին, ՄՄ-21 կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետեւանքով վիրավորված 11-ամյա Գեւորգ Գրիգորյանի եւ 12-ամյա Վարդան Անդրեասյանի կյանքին  վտանգ չի սպառնում: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնից: Երեխաները գտնվում են հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքում, երեխաների վիճակը կայուն ծանր է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր՝ ապրիլի 2-ին, Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետեւանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, եւս երկու երեխա՝  11-ամյա Գեւորգ Գրիգորյանը եւ 12-ամյա Վարդան Անդրեասյանը վիրավորվել են:

ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը եւ առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլեւ խաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետեւանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, եւս երկու երեխա վիրավորվել են: