Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի լուրջ սրումը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։ Այս մասին հայտարարել է Նորվեգիայի ԱԳ նախարար Բյորգե Բրենդեն։
«Նորվեգիայի կոչ է անում հակամարտության երկու կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները եւ հարգել 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմը։ Պետք է խուսափել մարդկային կորուստներից եւ տարածաշրջանի ապակայունացումից»,-ասել է Նորվեգիայի ԱԳ նախարարն ու հավելել. «Ուրբաթ երեկոյան մարտեր են սկսվել 1994 թվականին հաստատված հրադադարի շփման գծի երկայնքով։ Չնայած հրադադարի ռեժիմին, երբեմն կողմերի միջեւ բախումներ էին տեղի ունենում, սակայն վերջին օրը ամենադժվարն ու բարդն էր 1994 թվականից ի վեր»։
Գյորգե Բրենդեն նշել է, որ Նորվեգիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողություններին՝ ուղղված հակամարտության խաղաղ բանակցային կարգավորմանը: «Կոչ եմ անում երկու կողմերին թողնել զենքերը և լուծում գտնել բանակցային սեղանի շուրջ»,-ընդգծել է նա։
Ավելի վաղ ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով դիմել է բացահայտ հարձակողական գործողությունների՝ օգտագործելով տարբեր զինատեսակներ, այդ թվում՝ հրետանի, զրահատեխնիկա ու օդուժ։ 1994 թվականի հրադադարից հետո սա աննախադեպ սադրանք է Ադրբեջանի կողմից։ Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 կայանքից հրթիռակոծվել է դպրոց, որի հետեւանքով մահացել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, եւս երկու երեխա վիրավորվել են:
Այս պահի դրությամբ, մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ: Միայն Թալիշի ուղղությամբ ոչնչացվել է ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի առնվազն 30 զինվոր, Մարտակերտի ուղղությամբ՝ 2 տանկ, 2 անօդաչու թռչող սարք, իսկ հյուսիսային ուղղությամբ՝ 1 ուղղաթիռ: Առավել խոշոր բախումներ են տեղի ունենում մարտագծի հարավարեւելյան ուղղությամբ: Այս ուղղությամբ ՊԲ հակաօդայինների կողմից ժամը 12:30-ի սահմաններում խոցվել է թշնամական մեկ ռազմական ուղղաթիռ եւ 2 տանկ:
Հայկական կողմն ունի 18 զոհ եւ մոտ 35 վիրավոր:




























