Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպայի հարցերով նախարար Դեւիդ Լիդինգթոնը վրդովված եւ շատ անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների բռնկմամբ, որի հետեւանքով մարդիկ են զոհվել։
«Շատ կարեւոր է, որ կողմերը շտապ միջոցներ ձեռնարկեն ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ եւ հետագայում զսպվածություն դրսեւորեն։ Ես կոչ եմ անում Հայաստանին եւ Ադրբեջանին կառուցողական եւ ինտենսիվ կերպով զբաղվել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի շրջանակներում խաղաղ կարգավորման որոնումներով»,-հայտարարել է նախարարը։
Ավելի վաղ ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով դիմել է բացահայտ հարձակողական գործողությունների՝ օգտագործելով տարբեր զինատեսակներ, այդ թվում՝ հրետանի, զրահատեխնիկա ու օդուժ։ 1994 թվականի հրադադարից հետո սա աննախադեպ սադրանք է Ադրբեջանի կողմից, որի ժամանակ հրթիռակոծվել են նաեւ խաղաղ բնակավայրեր, այդ թվում դպրոց։ Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 կայանքից դպրոցի հրթիռակոծության հետեւանքով մահացել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, եւս երկու երեխա վիրավորվել են:
Այս պահի դրությամբ, մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ: Միայն Թալիշի ուղղությամբ ոչնչացվել է ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի առնվազն 30 զինվոր, Մարտակերտի ուղղությամբ՝ 2 տանկ, 2 անօդաչու թռչող սարք, իսկ հյուսիսային ուղղությամբ՝ 1 ուղղաթիռ: Մարտագծի հարավարեւելյան ուղղությամբ ՊԲ հակաօդայինների կողմից ժամը 12:30-ի սահմաններում խոցվել է թշնամական մեկ ռազմական ուղղաթիռ եւ 2 տանկ:
Հայկական կողմն ունի 18 զոհ եւ մոտ 35 վիրավոր:




























