Աբխազիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ղարաբաղ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների առիթով:
«Չափազանց անհանգստացած ենք ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծում իրավիճակի ծայրահեղ սրման մասին հաղորդագրությունների առիթով: Վճռականորեն դատապարտում ենք ուժի կիրառումը, որը հանգեցրել է զոհերի, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում:
Կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ուժային գործողությունները եւ քաղաքական երկխոսություն սկսել՝ այժմյան ճգնաժամից խաղաղ ելք գտնելու նպատակով, որը կօգնի խուսափել իրադրության հետագա սրացումից եւ նոր զոհերից: Վստահ ենք, որ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա:
Աբխազիայի ԱԳՆ-ն հույս է հայտնում, որ միջազգային միջնորդները, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, ինչպես նաեւ մի շարք երկրների ղեկավարները բոլոր ջանքերը կգործադրեն՝ կողմերի միջեւ հրադադարի ռեժիմը վերականգնելու եւ հակամարտության գոտում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ»,- ասված է հայտարարությունում:




























