Արցախի եւ ադրբեջանական բանակի ռազմաճակատի հյուսիսային ու հարավային հատվածում շարունակվում են համառ մարտեր, որոնցում, սակայն, նախաձեռնությունը գտնվում է հայկական կողմի ձեռքում եւ ադրբեջանական կողմի որեւէ հաջողության մասին խոսք գնալ իսկ չի կարող: Այդ մասին Facebook-ի էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Մենք շարունակում ենք հակառակորդի սանձահարման գործողությունները, ընդ որում ճակատի շատ հատվածներում գտնվում ենք թելադրողի դիրքերում: Կրկին ընդգծեմ, սակայն, որ ճակատի որոշ հատվածներում մարտերը դեռեւս շարունակվում են, քանի որ հակառակորդը այդտեղ կուտակել է խոշոր ուժեր»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի գիշերը իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ լարվել է։ Խրոնիկ բնույթ կրող կրակոցներից եւ մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա եւ ավիացիա։ Երկու կողմերից էլ կան զոհեր։

Վերջին տվյալներով Ադրբեջանը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 տանկ, 2 անօդաչու սարք, 5 միավոր այլ զրահատեխնիկա: ԼՂ ՊԲ տվյալներով, Ադրբեջանը 200-ից ավելի մարդկային կորուստ ունի:

Ղարաբաղյան կողմը կորցրել է մեկ տանկ: Ղարաբաղյան կողմից զոհվել է 18, վիրավորվել շուրջ 40 մարդ: Զոհեր կան նաեւ քաղաքացիական բնակչության շրջանում: «Գրադ» կայանքից արձակված կրակոցից մահացել է 12-ամյա երեխա, եւս երկուսը վիրավոր են: