Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով ընթացող հակամարտության եւ 2016 թվականի ապրիլի 2-ին իրավիճակի խիստ վատթարացման հումանիտար հետեւանքներով: Մարդկային կորուստների շարքում, որոնց մասին հաղորդում են երկու կողմերը, կան նաեւ քաղաքացիական անձինք: Այս մասին հաղորդագրություն է տարածել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երեւանյան պատվիրակությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Մենք պատրաստ ենք աջակցել եւ սատարել հակամարտության վերջին լարվածության հետեւանքով տուժած անձանց եւ հանդես գալ որպես չեզոք միջնորդ»,- ասել է ԿԽՄԿ տարածաշրջանային գործառնությունների ղեկավար Պատրիկ Վիալը: «Հակամարտության բոլոր կողմերը պարտավորություն են կրում հարգելու միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Այդ նորմերի համաձայն` կողմերը պետք է ապահովեն քաղաքացիական բնակչության եւ շինությունների պաշտպանվածությունը», - ավելացրել է Վիալը:

ԿԽՄԿ-ն այս տարածաշրջանում գործում է 1992 թվականից ի վեր՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ: Բաքվում եւ Երեւանում գտնվող իր պատվիրակությունների եւ Լեռնային Ղարաբաղում գտնվող առաքելության միջոցով ԿԽՄԿ-ն աջակցում է շփման գծի երկայնքով եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ միջազգային սահմանին ապրող բնակչությանը: Բացի այդ, ԿԽՄԿ-ն աշխատում է անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու, նրանց ընտանիքներին սատարելու ուղղությամբ, ինչպես նաեւ այցելում է ազատազրկված անձանց եւ հանդես է գալիս որպես չեզոք միջնորդ՝ աջակցելով սահմանի երկու կողմերում եւ շփման գծում գերեվարված անձանց տեղափոխմանն ու հայրենադարձմանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի գիշերը իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ լարվել է։ Խրոնիկ բնույթ կրող կրակոցներից եւ մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա եւ ավիացիա։ Երկու կողմերից էլ կան զոհեր։

Վերջին տվյալներով Ադրբեջանը կորցրել է 2 ուղղաթիռ, 15 տանկ, 3 անօդաչու սարք, ՄՄ-21 («Գրադ») տիպի 1 հրթիռահրետանային կայանք, 6 միավոր այլ զրահատեխնիկա: ԼՂ ՊԲ տվյալներով, Ադրբեջանը 200-ից ավելի մարդկային կորուստ ունի:

Ղարաբաղյան կողմը կորցրել է մեկ տանկ: Ղարաբաղյան կողմից զոհվել է 18, վիրավորվել շուրջ 40 մարդ: Զոհեր կան նաեւ քաղաքացիական բնակչության շրջանում: «Գրադ» կայանքից արձակված կրակոցից մահացել է 12-ամյա երեխա, եւս երկուսը վիրավոր են: