Google ընկերությունը իր ինտերնետ խանութից հեռացրել է սմարթֆոնների համար հավելվածը, որը մշակել էին «Թալիբան» շարժման գրոհայինները։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Գործակալության տեղեկություններով՝ խոսքը ծրագրի մասին է, որի օգնությամբ թալիբները տարածել են իրենց քարոզչական տեսանյութերը։ Հավելվածը նախատեսված է Android օպերացիոն համակարգով  գործող սմարթֆոնների համար եւ հասանելի էր փուշթու լեզվով, նրա հիմնական լսարանը Աֆղանստանի բնակիչներն են եղել։

Հավելվածը հայտնաբերվել էր ապրիլի 1-ին SITE կազմակերպության փորձագետների կողմից, որը  համացանցում իսլամիստ գրոհայինների մշտադիտարկում է իրականացնում։

Գործակալությունը հիշեցնում է, որ «Թալիբանը» ակտիվ քարոզչություն է տանում համացանցում։ Նրա կայքի գործունեությունը, որը հասանելի է 5 լեզվով, այդ թվում՝ անգլերեն եւ արաբերեն, բազմիցս փորձել են դադարեցնել Աֆղանստանի իշխանությունները, սակայն հաջողության չեն հասել։