Հայաստանի խորհրդարանը կարող է հերթով քննարկել իրավիճակից բխող բոլոր անհրաժեշտ հարցերը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 4-ին, ԱԺ-ում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի առաջարկին՝ քննարկել ԼՂՀ-ն ճանաչելու հարցը:

«ճիշտ ժամանակն է օրակարգի մեջ մտցնել Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին հարցը»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդդիմադիր պատգամավորի առաջարկին ի պատասխան նշեց, որ իրենք էլ են կիսում այդ մտահոգությունը:

«Ինչպես գիտեք, Հայաստանի նախագահի կողմից տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ հանձնարարել է Արտաքին գործերի նախարարությանը՝ Արցախի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու հարցը քննարկել: Երբ դա կլինի, մենք Ազգային ժողովում կքննարկենք նաեւ այդ հարցը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ից գիշերը իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ լարվել է։ Պարբերաբար կրակոցներից եւ մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա եւ ավիացիա։ Սրանք ամենախոշոր գործողություններն են 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմից հետո, որոնք ձեռնարկել է Ադրբեջանի զինուժը: Երկու կողմերից էլ կան զոհեր։