Կոչ ենք անում միջազգային հանրությանը սաստել Ալիեւի լկտի պահվածքը: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, ԱԺ-ում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Ադրբեջանում ներքաղաքական իրավիճակը ծայրահեղ լարված է: Հանրությանը սոցիալական եւ տնտեսական խնդիրներից շեղելու համար Ադրբեջանն ընտրել է ռազմական եւ զոհերի ճանապարհը: Կոչ ենք անում միջազգային հանրությանը սաստել Ալիեւի լկտի պահվածքը»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավարն ընդգծեց նաեւ, որ քաղաքական բոլոր ուժերը միասնական են, իսկ ԼՂՀ պաշտպանության բանակը լիովին տիրապետում է իրավիճակին:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի գիշերը իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ լարվել է։ Պարբերաբար կրակոցներից եւ մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա եւ ավիացիա։ Սրանք ամենախոշոր գործողություններն են 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմից հետո, որոնք ձեռնարկել է Ադրբեջանի զինուժը: Երկու կողմերից էլ կան զոհեր։











