Մարտի 28-ին, ժամը 22.15-ին ոստիկանություն զանգահարած տղամարդը հայտնել է, որ Երեւանի Արամ Խաչատրյանի փողոցի 25 շենքում ավազակային հարձակում է տեղի ունեցել, վնասել են տանտիրուհուն եւ դիմել փախուստի: Հարձակվողները ոչինչ իրենց հետ չեն տարել:

Կինը հաջորդ օրը ոստիկանությանը պատմել է, որ երեկոյան ժամը 20.30-ին իրենց տուն է եկել ամուսնու եղբորորդին՝ Գեւորգը: Կինը ներս է հրավիրել եւ սուրճ հյուրասիրել: Քիչ անց Գեւորն էլի սուրճ է ուզել: Կինը գնացել է խոհանոց, իսկ Գեւորգը՝ պատշգամբ՝ ծխելու: Երբ կինը սուրճը մտել է սենյակ՝ ուժեղ հարված է ստացել գլխին: Գեւորգը 68-ամյա կնոջը գցել է բազկաթոռին, իսկ երբ նա օգնություն է կանչել, փակել է բերանը, գլխի տակից հանել բարձն ու սեղմել դեմքին:

Կինը հասցրել է ոտքով հարվածել սեղանիկին, որն աղմուկով շրջվել է: Այդ պահին լսվել է հարեւան գեղամի ձայնը, այն մարդու, որն ահազանգել էր ոստիկանություն: Հարեւանը հարցրել է՝ ի՞նչ է եղել: Գեւորգը կնոջը գցել է հատակին, դեմքով ներքեւ, եւ կինն ամբողջ ընթացքում Գեղամի անունը տալով օգնություն է կանչել:

Գեւորգը վախից ցատկել է կնոջ վրայով եւ երկրորդ հարկի պատուհանով փախել:

Ոստիկանությունում ահազանգ է ստացվել նաեւ «Արմենիա» բժշկական կենտրոնից, որ «շտապօգնությունը» կնոջը տեղափոխել է կենտրոն՝ «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ:

Ոստիկանների աշխատանքի շնորհիվ Գեւորգ Գ.-ն Արցախից տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին:

«Գնացել էի հորեղբորս տուն սուրճ խմելու, թեթեւ վիճվեցինք, հետո փետով խփեցի հորոխպորս կնկա գլխին, ու էլ չեմ հիշում»,-ասել է Գեւորգը ոստիկանությունում: