Արմավիրի մարզի Ապագա գյուղում ապրիլի 4-ին, տեղի ունեցավ ադրբեջանական ագրեսիան ետ մղելիս զոհված ԻՍՎ հրամանատար, կապիտան, 28-ամյա Հովսեփ Կիրակոսյանի հոգեհանգիստը: Հոգեհանգստի արարողությանը ներկա էին ԶՈՒ բարձրաստիճան սպաներ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Լրագրողների հետ զրույցում Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ Հովսեփ Կիրակոսյանը հայրենիքի հանդեպ իր պարտքը կատարելիս է զոհվել, նա հերոս է եւ հայ ազգը նրան հավերժ կհիշի հպարտությամբ: «Նա հերոս է, իր կյանքը տվել է հանուն հայրենիքի, Հովսեփի նման հերոս ունենալով միայն հպարտանալ կարելի է: Նրա ծնողները առյուծ են մեծացրել եւ այսօր էլ շատ լավ գիտակցում են, որ իրենց հերոս զավակը զոհվել է հանուն հայրենիքի: Ես հպարտ եմ, որ Հովսեփի եւ նրա ծնողների նման հայրենակիցներ ունեմ»,-ասաց նա: «Բոլորս էլ հպարտանում ենք, որ նման հերոս ու հայրենասեր համագյուղացի ունենք»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հովսեփ Կիրակոսյանի ուսուցիչներից Մխիթար Մխիթարյանը:
Նշենք, որ 28-ամյա Հովսեփ Կիրակոսյանը զինված ուժերում ծառայում էր 2006թ.-ից: Նա դպրոցն ավարտելուց հետո սովորել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, այնուհետեւ մեկնել Մարտակերտ` ծառայության:











