Երեւանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում ապրիլի 4-ին տեղի ունեցավ ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս զոհված գնդացրորդ, պայմանագրային զինծառայող, 26-ամյա Սասուն Մկրտչյանի հոգեհանգստի արարողությունը:

Հոգեհանգստին ներկա էին Սասուն Մկրտչյանի հրամանատարական կազմը, ծառայակիցները, հարազատները: 

Սասուն Մկրտչյանի զորամասի հրամանատարի անձնակազմի տարվող աշխատանքների գծով տեղակալ,  փոխգնդապետ Արթուր Դանիելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Սասունը պարտաճանաչ եւ ընկերասեր զինծառայող էր:

«Սասունին կարող եմ միմյայն որպես դրական զինծառայողի բնութագրել: Նա 4 տարի առաջ կամավոր է եկել մեր  զորամաս, եւ հրամանատարության կողմից բազմիցս խրախուսվել է: Ցավոք, նա այժմ ֆիզիկապես մեզ հետ չէ»,-ասաց Արթուր Դանիելյանը:

Սասուն Մկրտչյանի ազգակից Ռադիկ Խամոյանը լրագրողների հետ զրույցում ասաց` ափսոսում է, որ Սասունն այլեւս չկա, սակայն հարազատներով գլխիկոր չեն, քանի որ իրենց զավակը հերոսաբար է զոհվել:

«Սասունն այն հայ ժառանգներից էր, որն իր մեջ կրում էր հայոց վրեժը: Ափսոս, հազար ափսոս, նա հիմա չկա, բայց նրա նման տղաները, նրա եղբայրները շարունակում են մնալ: Նա հոգեպես միացավ այն առյուծ տղաներին, որոնք հիմա կանգնած են, որոնք հիմա կռվում են  թշնամու դեմ: Փառք ու պատիվ նրանց»,-ասաց Ռադիկ Խամոյանը: