Սեպտեմբերի 23-ին, Գարեգին Բ կաթողիկոսի եւ Հայ Եկեղեցու բարերարներ տեր եւ տիկին Սարգիս եւ Հռութ Բեդեւյանների մասնակցությամբ  տեղի է ունեցել Վանաձոր քաղաքի «Սուրբ Գրիգոր Նարեկացի»  Հայորդյաց տան բացման արարողությունը:  Գարեգին Բ-ին ուղեկցել են Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը, Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, միաբաններ Մայր Աթոռից:

Գարեգին Բ-ին Վանաձորի մուտքին դիմավորել են Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը, Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը եւ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, որտեղից նրանք ուղղվել են Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցի, որը նույնպես կառուցվել է Բեդեւյան ընտանիքի բարերարությամբ:

Այստեղ կատարվել է հոգեհանգստյան արարողություն Բեդեւյան ընտանիքի ննջեցելոց հոգիների հանգստության համար:

Եկեղեցուց Կաթողիկոսը մեկնել է «Սուրբ Գրիգոր Նարեկացի» Հայորդյաց տուն: Վանաձորի Հայորդյաց տան հիմնարկեքը կատարվել էր 2007 թ. օգոստոսի 30-ին: Բեդեւյան ամուսինների ազնիվ բարերարությամբ կառուցված կրթօջախի ճարտարապետն է Մարիամ Մովսիսյանը, շինարարական աշխատանքներն իրականացրել է «Ա. Հակոբյան» ՍՊԸ-ն:

Գարեգին Բ-ն ու տեր եւ տիկին Բեդեւյանները ծանոթացել են շենքի պայմաններին, դիտել բարեգործական ճաշարանի մասնաբաժինը եւ մանկական խաղադաշտը:

Շրջայցից հետո Կաթողիկոսը եկեղեցական դասի հետ  կատարել է նորաբաց Հայորդյաց տան օրհնության արարողությունը:

Տիկին Բեդեւյանն անդրադարձել է Վանաձորում Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու եւ Հայորդյաց տան կառուցման գաղափարի մտահղացմանը` ուրախություն հայտնելով, որ այսօր այլեւս դրանք իրականացել են: Իր խոսքում Սարգիս Բեդեւյանը, դիմելով նորաբաց հաստատության սաներին` հորդորեց. «Ուրախացե'ք, լա'վ պահեցեք եւ զարդի պես վայելեցե'ք այս տունը»:

Վերջում Վանաձորի «Ս. Գրիգոր Նարեկացի» հայորդյաց տան եւ Երեւանի Նորքի հայորդյաց տան սաները համերգային ծրագիր են ներկայացրել, ապա բարերարներին նվիրել իրենց ձեռագործ աշխատանքները: