Պանամական օֆշորային իրավաբանական  Mossack Fonseca ընկերության տվյալների արտահոսքի հետեւում կանգնած է Ջորջ Սորոսը եւ ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությունը (USAID), կարծում է WikiLeaks-ը: Նման տեղեկությամբ հաղորդագրություն է հայտնվել կազմակերպության Twitter-ում:

Միաժամանակ WikiLeaks-ում  ամերիկյան պետական գործակալության եւ Սորոսի կողմից ֆինանսավորված գրոհի նշանակետ են համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնում է Lenta-ն:

Բացի այդ, WikiLeaks-ում ընդգծել են, որ «OCCRP-ը լավ է անում իր գործը, սակայն Պուտինի նկատմամբ գրոհի ուղղակի ֆինանսավորումը լրջորեն խարխլում է ԱՄՆ-ի կառավարության համբավը»:

Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումը  (ICIJ) Կազմակերպված հանցագործության եւ կոռուպցիայի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կազմակերպության (OCCRP) հետ ապրիլի 3-ին հրապարակել է իր բացահայտումները: Իրենց հետաքննության մեջ հեղինակներն օգտագործել են Mossack Fonseca-ի տվյալների բազայից  «միլիոնավոր փաստաթղթերի աննախադեպ արտահոսքը», որն իր մեծությամբ աշխարհում չորրորդ օֆշորային իրավաբանական ընկերությունն է:   

Մասնավորապես, նյութերում նշվում է, որ Ռուսաստանի նախագահի  «մերձավոր շրջապատի» անդամները Պանամայում, Վիրգինյան կղզիներում եւ Կիպրոսում օֆշորային ընկերությունների միջոցով առնվազն երկու միլիարդ դոլար են փոխանցել: Միաժամանակ Պուտինի անունը փաստաթղթերում չկա: